«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն անակնկալի եկավ մեր հարցից, թե սպասելի՞ էր, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան Հայաստանին չի ընդգրկի իր կողմից ֆինանսավորվող երկրների շարքում: Այդ մասին տեղեկություն է հրապարակվել այսօրվա մամուլում: Նա հիշեցրեց, որ ընդամենը նախօրեին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդն իր ելույթում նշել էր, որ դեռևս չի կայացվել որոշում այդ առթիվ: Ավելին, ըստ Վարուժան Հոկտանյանի՝ նույն Հիլիարդը նշել էր, որ կոռուպցիայի գծով Հայաստանը հաղթահարել է նվազագույն շեմը: Ծրագիրը Հայաստանում մեկնարկել էր 2006 թվականից ԱՄՆ Պետդեպի ֆինանսական աջակցությամբ և կասեցվել 2011թ. աշնանը: ԱՄՆ-ն պատճառաբանել էր, որ 2008 թ. Մարտի 1-ի իրադարձությունները և հետագա զարգացումները լուրջ հարված են եղել Հայաստանի ժողովրդավարությանը:
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան որոշել է աջակցություն տրամադրել և վերականգնել է համաձայնագրերը Գանայի, Լիբերիայի, Մարոկոյի, Նիգերիայի, Տանզանիայի հետ՝ այդ երկրներում զարգացման ծրագրերը շարունակելու համար:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ